Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արժեքնե՞ր, թե՞ արժանիքներ

Արժեքնե՞ր, թե՞ արժանիքներ
18.12.2018 | 01:10

Ամենակարճ անեկդոտը` ավանգարդիստների պատկերասրահում ցուցադրվում է կտավ` «Մարդու մարմինը` պատկեր» անունով: Բոլոր նրանց, որ չհասկացան, չծիծաղեցին ու անգամ չժպտացին, ասեմ` անեկդոտը մեր մասին է: Մենք ունենք հիմա Հայաստանի մարմինը` պատկեր: Եվ չունենք պատկերացում մարմնի մյուս մասերի ու այդ մասերի միմյանց հետ կապի մասին: Հոգու ու սրտի մասին լռելն է ճիշտը: Պատկերը, իր մասնատվածությամբ, ստիպում է մտածել: Գոնե թեթևակի:


Դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների պաշտոնական արդյունքները` «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն` 26, ԼՀԿ-ն` 18 մանդատ։ Ընտրություններ-2018-ի առաջին առանձնահատկությունը` չեն եղել ինստիտուցիոնալ խախտումներ, և ոչ մի ուժ չի վիճարկում արդյունքները: Նույնիսկ ՀՀԿ-ն, որ ստացավ 4,7 տոկոս ու ընկավ իր որոգայթը` եթե կողմ քվեարկեր Ընտրական օրենսգրքի նախագծին, կլիներ ԱԺ-ում` կուսակցությունների անցողիկ շեմ ԸՕ նախագիծն առաջարկում էր 4 տոկոս: Փոխարենը հրաժարվում էր ռեյտինգային ընտրակարգից, որ հիմնական ձայներն է բերել ՀՀԿ-ին: Ընտրություններ-2018-ի երկրորդ առանձնահատկությունը` ընտրողը մնացել էր ոչ միայն անփող, այլև մենակ ինքն իր հետ ու չէր ուզում խախտել մենակությունը` ոչինչ չէր լսում ու չէր տեսնում: Ընտրողը պատրաստ չէր ընտրության ու գնաց ընտրատեղամաս իբրև Հայաստանի հպարտ քաղաքացի, որ պատկերացում չուներ ոչ այսօրվա, ոչ վաղվա անելիքների մասին, հետևաբար` չստանձնելով իր ընտրության պատասխանատվությունը: Երրորդ առանձնահատկությունը` ընտրություններ-2018-ը ուներ բացահայտ ֆավորիտ և մրցակցային չէր, ի սկզբանե հայտնի էր, որ ձևավորվելու է մեկ կուսակցության իշխանություն, որին չեն դիմակայելու մյուս կուսակցությունները: Ստացանք պատկեր` 88-ը, 26-ն ու 18-ը: ՔՊ-ն ցանկացած օրենք, ներառյալ սահմանադրականները, կարող է ընդունել միայնակ: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չունեն ռեալ ազդեցության մեխանիզմներ ընդունվելիք որոշումների ու օրինագծերի վրա: Տրամաբանական կլիներ, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դիրքավորվեին իբրև ընդդիմություն ու միասնական հանդես գային, բայց սա Հայաստանն է, որտեղ տրամաբանությունն ու քաղաքագիտությունը ունեն սեփական հետագիծը: ԲՀԿ-ն միայն ձևական է լինելու ընդդիմություն ու դեռ չի էլ հայտարարել, որ ընդդիմություն է: ԼՀԿ-ն այնքան է հայտարարում, թե ընդդիմություն է, որ սկսում ես կասկածել` ընտրարշավի ժամանակ նու՞յն կուսակցությունն էր, ինչ ընտրություններից հետո: Ամենաանտրամաբանականը` դեռ 7-րդ գումարման ԱԺ-ն չի սկսել գործել, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միմյանց քաղաքական պատերազմ են հայտարարել ու բացահայտումների հեղեղ են սկսել. ԲՀԿ-ի կողմից` «Էդմոնչիկ, մի ուրացի» նշանաբանով, ԼՀԿ-ի կողմից` «ԲՀԿ-ն մեր ձայները խլեց, օլիգարխներն ԱԺ-ում տեղ չունեն, կմաշենք ձեզ»: Դա գուցե հետաքրքիր է, բայց ու՞մ: Ընտրություններից հետո ոչ միայն ձանձրալի ու ավելորդ է, այլև վկայում է, որ երկու կուսակցություններն էլ պատրաստ չեն ՔՊ-ին ընդդիմության դերին: 21-րդ դարի ամենաարդար ու ամենաթափանցիկ ընտրություններով 7-րդ գումարման ԱԺ-ն ընտրվել է իբրև ամենաապաքաղաքական խորհրդարան: Իհարկե, մենք տասնյակ ելույթներ կլսենք հայաստանակենտրոն լինելու, Հայաստանի շահի ու ինքնիշխանության մասին: Կլսենք ու կմոռանանք, որովհետև քայլեր չեն հետևի: Գործնականում քաղաքական կյանքը այս ամենաարդար ու ամենաթափանցիկ ընտրություններով դուրս մնաց խորհրդարանից, որտեղ ներկայացված 3 ուժերի քաղաքական ուղղության մասին աղոտ պատկերացումներ կան կամ չկան: Շատ մեծ հարց է, որ 5 տարում կարտահայտվեն: Առավել հավանականն է, որ 3 ուժերն էլ կմնան քաղաքական դեմագոգիայի ու սոցիալ-տնտեսական պոպուլիզմի շրջանակներում: Դեմագոգիան կօգնի մնալ ալիքի վրա, պոպուլիզմը` պահպանել ընտրողների հետաքրքրությունը: Ինչ-որ ժամանակ: Հետո պատկերը կփոխվի: Բայց այդ մասին` 2019-ին:
Հիմա` 2018-ի դեկտեմբերի 18-ին, դեռ քննարկումների առանցքում է Նիկոլ Փաշինյանին ո՞վ շնորհավորեց, ո՞վ չշնորհավորեցը` Մոսադի մակարդակի հեռագնա կանխատեսումներով: Խորհրդարանական հանրապետության խորհրդարանում ունենք քաղաքական մեծամասնություն` մեկ անձի հեղինակության վրա կառուցված, ապագաղափարական ԲՀԿ և հանգամանքների բերումով ռուսամետ դարձած ԼՀԿ:

Ի՞նչ է, ուրեմն, սպասվում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Փորձագետների գնահատականով` արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի` այս իրավիճակում արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխությունը վտանգավոր է: Գնահատականը խաբուսիկ է` իրականում փոփոխություններն անխուսափելի են և վաղ թե ուշ կատարվելու են, եթե Հայաստանը տնտեսություն զարգացնելու մտադրություն ու ներդրումներ ստանալու ցանկություն ունի: Իրական ցանկություն, ոչ թե պատրանքային` Նիկոլ Փաշինյանը, օրինակ, երեկ հայտարարում էր, որ ռուս զբոսաշրջիկների թվի աճը Հայաստանում տնտեսական հեղափոխության նախադրյալ է: Սա, մեղմ ասած, ապագա վարչապետի խոստովանությունն է, որ տնտեսությունից ոչինչ չի հասկանում: Նաև` թիմում չունի մեկը, որ հասկանում է: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ժողովրդավարությունն իր թիմի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ արժեհամակարգ, և թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Հարցը նույնն է` ե՞րբ է նա ընկալելու, որ եթե ժողովրդավարությունը արժեհամակարգ է, արտաքին քաղաքականության մեջ շրջադարձերն անխուսափելի են: Կես տարվա կառավարումը դա է ցույց տվել, բայց նա… չի տեսնում: Նույնիսկ այն, ինչ ինքն արդեն արել է: Ճիշտ է` նա դա անվանում է գործելաձևի փոփոխություն, բայց եվրասիական տարածքում դա հեղափոխություն է` հարաբերությունների որակ փոխել, փորձել բոլորին իրավահավասար դարձնել, և այլն, և այլն: Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի հարցում նույնիսկ Տաջիկստանն ու Ղրղզստանն են Բելառուսի թեկնածուին պաշտպանում` պատճենելով Ռուսաստանի ու Ղազախստանի դիրքորոշումները:

Միանգամայն անմիտ ու անհիմն է տեսակետը, որ եվրասիական տարածքի պետությունները կփոխեն դիրքորոշումը, եթե Հայաստանը պատշաճ ու արդյունավետ ներկայացնի սեփական շահերը: Դա միֆ է, որ իրենց ներշնչում են նախահեղափոխական Հայաստանում մնացածները, նրանք չեն հասկացել` ինչ է կատարվել իրականում: Անգամ հեղափոխությունն արածները, որ նախահեղափոխական անցյալում ազատ էին իրենց դիրքորոշումները հայտնելու ու պաշտպանելու մեջ, իշխանություն դառնալով, մեղմ ասած, հրաժարվեցին իրենց համոզմունքներից ու խրվել են ոչ այս-ոչ այն հարթության մեջ: Փոխարենը ռուս փորձագետներն են արձանագրում, որ արտահերթ ընտրություններով ընտրված ԱԺ-ն նախորդ գումարումների համեմատ՝ ամենաքիչ «ռուսամետն» է և կողմնորոշված է դեպի արևմտյան արժեքներ` բոլոր կուսակցությունները դավանում են արևմտյան լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսություն։ Սա, մեղմ ասած, այնպիսի անհող վերագրում է, որից միայն ռուս ընթերցողի ծիծաղը չի գա: Ռուսաստանն իր ամբողջ փորձագիտական միտքը սևեռել է` համոզելու իրեն, որ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք: Այդպես հարմար է` բացատրելու եվրասիական տարածքի ու Հայաստանի հակասությունները: Նրանք նույնիսկ բանաձև են գտել մեզ համար` «Եթե չլինեն արտոնություններ և ավելի մեծ ուշադրություն Հայաստանին եվրասիական կառույցներում, կգնան Արևմուտք»` այսպես են բացատրում նրանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որովհետև այլ օրինակներ չունեն: Իրենց շրջանակում շանտաժն է ընդունված` Լուկաշենկոն, օրինակ, ժամանակին ՆԱՏՕ-ին էր հրավիրում Բելառուս` Կրեմլից արտոնություններ պոկելու համար: Նազարբարևը ԵՄ-ի հետ դեռ 2015-ին է կնքել համագործակցության համաձայնագիր ու եվրոներ է ստանում` սրտի ուզածի չափ` ձևացնելով, որ իր տարածաշրջանում եվրաինտեգրման միակ ջատագովն է: Չինաստանի հետ էլ զուգահեռ խաղեր է տալիս` ապացուցելու, որ միայն Ղազախստանով կարող է անցնել Մետաքսի իսկական ճանապարհը: Իսկ Հայաստանը մի շաբաթ սպասում էր` Պուտինը ե՞րբ է Փաշինյանին շնորհավորելու` արժեզրկելով Վրաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի, Կանադայի շնորհավորանքները: Լուկաշենկոն Մինսկում ռուս լրագրողների համար ասուլիս էր տալիս ու երկար-բարակ խոսում էր Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին` «մոռանալով» շնորհավորել, թեկուզ բանավոր: Նազարբաևն ընդհանրապես ամնեզիայի մեջ է: Իրականում նրանց բոլորի դժկամությունը մեկ անուն ունի ու այդ անունը վախ է, վախ, որ բարեփոխումների տրամաբանությունը հարկադրելու է Հայաստանի վարչապետին դեմքով շրջվել դեպի Արևմուտք, որտեղ նոր տեխնոլոգիաներն են ու իրական ներդրումները: Այդ պարագայում նրանք գործի են դնելու 7-րդ գումարման ԱԺ-ի իրենց «գործընկերներին»: Իսկ մինչ այդ հայ-ռուսական (հայ-բելառուսական, հայ-ղազախական, հայ-ղրղզական, հայ-տաջիկական) հարաբերությունները կմնան ձևական բարեկամական։ Դա ժառանգություն է, որ ստացել է Նիկոլ Փաշինյանը, բայց պարտավոր է այլ ժառանգություն փոխանցել իր հաջորդին:


Հայաստանում իշխում է տեսակետը, որ Հայաստանը` լինելով աշխարհագրական ու աշխարհաքաղաքական բարդ վիճակում, ստիպված է վարել բազմակողմանի, փոխլրացնող արտաքին քաղաքականություն: Բայց բազմակողմանին ու փոխլրացնողը մեկնաբանվում է նախապատվություն տալ Ռուսաստանին, մնացորդային վերաբերունք` ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նկատմամբ: Դա պատճառ է նույն մնացորդայինը ստանալու Արևմուտքից: Համենայն դեպս` ընտրություններից հետո էլ Նիկոլ Փաշինյանը գերազանցիկ աշակերտի պես կրկնում էր սովորածը` ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցենք, բայց չենք անդամակցի։ Ինքնին հասկանալի է, որ առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցել ռեալ չէ, բայց ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին կամ Զոհրաբ Մնացականյանին ասել, որ Հայաստանը քննարկում է հարցը: Ակնհայտ է, որ դա փոխում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Մանավանդ եթե ՆԱՏՕ-ից մի կեսբերան արձագանք լինի (դիվանագիտության մեջ նման հայտարարություններն արվում են հողը շոշափելուց ու արձագանքը նախապատրաստելուց հետո): Ոչ, Հայաստանը գնում է հին ճանապարհով ու այդ ընթացքով հաստատ մինչև 2019-ին Եվրախորհրդարանի ընտրությունները չի ստանա ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, որ գրեթե ինքնաբերաբար պիտի արագանար թավշե հեղափոխությունից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը օրը մեկ չհայտարարեր` Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր չի փոխելու: Միևնույն է` ռուսները (ամբողջ եվրասիական տարածքը) չեն հավատում, իսկ Արևմուտքին վանում է իր միագիծ «հայամետությամբ»: ՈՒ երկու կողմից էլ չի ստանում ոչինչ` սեփական սխալներից էլ պետք է սովորել:


Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը դեռ ունի ընտրություն` կառավարություն ձևավորելիս: Թեպետ հնչել են հայտարարություններ, որ ՔՊ-ն կազմելու է միակուսակցական կառավարություն, բայց իբրև ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավար` Նիկոլ Փաշինյանը կարող է ինքն իրենից խելոք լինել ու կառավարությունը կազմավորել տարբեր քաղաքական ուժերից` դա նրան հնարավորություն կտա խուսափել խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերի փողոցում միավորվելու ու ՔՊ-ի մենիշխանության դեմ պայքարելու հնարավորությունից ու միաժամանակ ազատվել բացարձակ իշխանության պարտադրած բացարձակ պատասխանատվությունից, երբ այլևս չկան քավության նոխազներ: Հնարավոր, բայց սակավ հավանական տարբերակ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ընտրություններ-2018-ի գլխավոր դասը` առանց բացառության բոլորի համար. ընտրողը պիտի պատասխանատվություն կրի իր ընտրության համար ու սովորի ընտրել ոչ թե արժանիքներ, որ կասկածելի են, այլ արժեքներ, որ կասկածից դուրս են: Բայց դա ամենևին ընտրություններ-2018-ի մասին չէր:

Դիտվել է՝ 3029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ